Վրաստանի հանցավոր աշխարհը կարող է դառնալ հիմնական խոչընդոտը, որի պատճառով Եվրամիությունն ազատ վիզային ռեժիմ չի սահմանի: Գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով, այս մտավախությունները հատկապես ուժեղ են Անգելա Մերկելի կուսակցության` քրիստոնեա-դեմոկրատական միության, նրա դաշնակցի` Բավարիայում իշխող քրիստոնեա-սոցիալական միության շարքերում: Die Welt-ի տեղեկություններով, անցած շաբաթավերջին Գերմանիայի խորհրդարանում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ դռնփակ քննարկում է կազմակերպվել, որի ժամանակ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը գերմանացի պատգամավորներին Վրաստանում տիրող քրեածին իրավիճակի վիճակագրությունն է ներկայացրել` պնդելով, որ կազմակերպված հանցավորությունը Վրաստանի համար ազգային մակարդակի խնդրի է վերածվել:
Բացի այդ, գերմանական լրատվամիջոցները պնդում են, որ վրացական հանցավոր խմբերը շատ ակտիվ են նաև Եվրամիության, նախ և առաջ՝ Գերմանիայի տարածքում: Քրեական ոստիկանության տվյալներով, 2015-ին Գերմանիայում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները վրացիներն են: «Գերմանիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների մի զգալի մասը սերտ կապեր ունի հանցավոր խմբավորումների հետ: Որևէ այլ երկրի քաղաքացիներ վրացիների հետ այս առումով համեմատվել չեն կարող»,- ըստ Spiegel-ի, Բունդեսթագում փակ քննարկման ժամանակ հայտարարել է իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Արմին Շուստերը: Քրիստոնեա-սոցիալական միության անդամ Հանս-Պետեր ՈՒլի կարծիքով էլ՝ «ազատ վիզային ռեժիմի հաստատումը կհանգեցնի չվերահսկվող ներգաղթի ծավալների աճին»:
Թբիլիսիում այս զարգացումները մեծ ոգևորություն չեն առաջացնում: Առաջիններից մեկը Բեռլինից ստացվող տեղեկություններին արձագանքեց արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: «Ես ցավում եմ, որ քաղաքական որոշումն ուշանում է: Այնուհանդերձ, մենք լավատեսորեն ենք տրամադրված, չնայած այն իրողությանը, որ այս փուլում մեր լծակները խիստ սահմանափակ են: Այժմ որոշում պետք է կայացնեն մեծ պետությունները: Մենք նրանց գործը ավելի դյուրին դարձնելու համար լուրջ քայլեր ենք ձեռնարկում նաև քաղաքական մակարդակում: Բայց և այնպես, վերջնական որոշում դեռ չկա»,- նշել է Վրաստանի արդարադատության նախարարը:
Վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Առաջիկայում Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Բեռլին` կրկին քննարկումների հիմնական թեմա դարձնելով վիզային ազատ ռեժիմի հաստատումը: Այս թեման առանցքային էր նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու Ստրասբուրգ այցի ընթացքում: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին դիմելով՝ Վրաստանի նախագահը հայտարարում էր՝ «Վրաստանի հարցը չպետք է մոռացության մատնվի մյուս քննարկումների համատեքստում: Դա ազնիվ չի լինի: Դա կոտնահարի այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել»: Բրյուսելում Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման հարցը Վրաստանի նախագահը քննարկեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Եվրոպացի պաշտոնյայի խոսքից ևս պարզ դարձավ, որ Վրաստանին ազատ վիզային ռեժիմ շնորհելու հարցում վերջնական որոշումը դեռ կայացված չէ: «Անցած դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ Վրաստանը կատարել է այն բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին վերջնական դրական լուծման հասնելու համար: Ես վստահ էի, որ դա արագորեն կիրականացվեր: Վրաստանի քաղաքացիներին Շենգենի գոտի ազատ մուտքի իրավունք տրամադրելու հարցն այժմ քննարկվում է Եվրամիության խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը: