Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արտահայտությունները, որոնցում նա քննադատել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո: Շուլցն իր դիրքորոշումը հայտնել է Էրդողանին ուղղված նամակում, որից որոշ հատվածներ հինգշաբթի օրը տարածել են գերմանական ԶԼՄ-ները: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականները պետք է արյան թեստ հանձնեն՝ պարզելու համար, թե իսկապես թուրք են: Բացի այդ, նախագահը ասել էր, որ պատգամավորները կարող էին գործել Գերմանիայում ահաբեկչական խմբավորում հանդիսացող Քրդստանի աշխատավորական կուսակցության շահերից ելնելով:
«Նման քայլը տաբուի ակնհայտ խախտում է, ես խստորեն դատապարտում եմ դա»,- Էրդողանի խոսքերին արձագանքել է Շուլցը: Եվրախորհրդարանի նախագահը պահանջել է, որ Անկարան այլևս չհամեմատի գերմանացի պատգամավորների խորհրդարանական գործունեությունն ահաբեկչական խմբավորումների գործունեության հետ: