Խոշոր դաշնակցի (Գերմանիայի) կողմից ցեղասպանության համար մեղադրվելու և քուրդ զինյալների կողմից շարունակվող ռմբակոծությունների ֆոնին Թուրքիայի համար հունիսը ծանր ամիս է դարձել՝ չնայած դեռ ութ օր է անցել (հոդվածը հրապարակվել է հունիսի 8-ին), Թուրքիայի առաջնորդներից և իշխանամետ լրագրողներից հնչող տարօրինակ և որոշ դեպքերում վիրավորական մեկնաբանություններն իրավիճակը դեպի լավը չեն փոխում՝ գրում է Մեգան Ալպերտն Foreign Policy հանդեսում:
Կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կանանց, որ նախընտրել են կարիերա անել երեխա ունենալու փոխարեն, «ոչ լիարժեք» և «կիսատ մարդ» է անվանել: Աշխատող կանայք կարող են «իրավիճակը շտկել»՝ հետևելով Էրդողանի խորհրդին, այն է՝ առնվազն երեք երեխա ունենալ: Երեքշաբթի օրն իշխանամետ «Գյունեշ» թերթը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ մեղադրել է Գերմանիային Ստամբուլում իրականացված ահաբեկչության համար գաղտնի ահաբեկչական ցանց օգտագործելու մեջ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Բունդեսթագի քվեարկությանը հաջորդած ելույթում հայտարարել է, որ բանաձևի հետևում կանգնած է «հայկական ռասիստական լոբբին»: Թուրքիայի ուժեղ արձագանքը դրդել է Գերմանիային «խուճապի մատնվել» և վերադառնալ «իր հին սովորույթներին»: «Գյունեշ»-ը մեղադրում է Գերմանիային ահաբեկչական խմբավորումներ ունենալու համար, որոնց «նա մարիոնետների պես օգտագործում է Ստամբուլում արյունալի հարձակումներ գործելու համար»:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շարունակել է հակագերմանական վիրավորանքները՝ հայտարարելով, թե երկրի ազատ մամուլն իրականում ազատ չէ: «Գերմանիայում ոչինչ պատահական չէ»,- ասել է նա TNT գործակալությանը: «Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ թշնամական վերնագրերից ոչ մեկը պատահական չէ: Գերմանիայում մամուլն ազատ չէ»,- ասել է նա։
Հեղինակը հավելում է, որ այս շաբաթ թուրք քաղաքապետներից մեկն էլ ծածկել է գերմանական Mercedes ավտոմեքենայի լոգոն սև կտորով` ի նշան քվեարկության դեմ բողոքի: