Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմն է հրադադար խնդրել, ինչի հետևանքով էլ ապրիլյան պատերազմը դադարեցվել է:
«Ադրբեջանը, բացի դրանից, նաև կրկին պնդում է տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնային լինելու մասին, այնինչ՝ ճիշտ հակառակն է: Նույնիսկ Գերմանիայում Ալիևի հայտարարության մեջ առնվազն վեց բացահայտ կեղծիք կար»,- շեշտեց նա: Շավարշ Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմը մշտապես հանդես է եկել այն բոլոր միջոցառումների օգտին, որոնք միտված են հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը: «Բոլորը գիտեն, թե ով է անվերջ խախտում հրադադարը, բայց շարունակ հնչում են ոչ հասցեագրված հայտարարություններ, և դա անընդունելի է»,- ասաց նա:
Փոխնախարարը շեշտեց, որ հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ կողմերը քննարկում են կոնկրետ փաստաթղթեր:
«Եվ այստեղ արդեն կերևա՝ իրոք Ադրբեջանը համաձայն է այդ ամենին և պատրաստ է գնալ այդ ճանապարհով, ինչպես ասում էր Վիեննայում, թե կփորձի այդ ծրագրերի իրականացումը կապել ինչ-որ այլ հարցերի հետ», - նշեց Քոչարյանը: