«Շատ գերմանացի քաղաքական գործիչների համար սա անուղղակի և խորհրդանշական ձև էր պատասխանելու միգրանտների ճգնաժամում Էրդողանի ահաբեկող մարտավարությանը, երբ նա սպառնում էր հետ ուղարկել դեպի Եվրոպա հազարավոր միգրանտների, եթե Թուրքիային չտրվի ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ»,- գրում է Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմ դե Վաալը Foreign Affairs հանրահայտ ամսագրում հրապարակված իր հոդվածում:
«Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը. Բեռլինի պատասխանը Էրդողանին» հոդվածում դե Վաալը գրում է. «Գերմանացի օրենսդիրները այնպես նրբանկատ են մշակել բանաձևի նախագիծը, որ խուսափեն իրենց սեփական պատմական հանցագործության՝ Հոլոքոստի հարցում ավելի քիչ պատասխանատու երևալու նպատակ ունենալու մեջ մեղադրվելուց»: Հունիսի 2-ին Բունդեսթագում գրեթե միաձայն ընդունված բանաձևում կարդում ենք. «Միևնույն ժամանակ, մենք ընդունում ենք Հոլոքոստի առանձնահատուկ տարբերությունները, որի համար Գերմանիան ունի իր մեղավորությունը և պատասխանատվություն է կրում»:
Քննարկելով բանաձևի ընդունման ավելի լայն պատճառները և դրա հետևանքները, Թոմ դե Վաալը նաև ուշադրություն է դարձնում քվեարկության ժամանակին.
«Ի վերջո, ավելի ակնհայտ ժամանակը այս բանաձևի ընդունման համար անցյալ տարին էր՝ հարյուրամյակի նախօրեն: Նույնիսկ որոշ հայեր էին ընդունում, որ պառլամենտական բանաձևերի ընդունումը հոգնեցուցիչ գործընթաց է, որը, սակայն, չի ստիպել Թուրքիային ընդունել մեղքը և 1915-ի զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարել: 2015-ից հետո թվում էր, որ ժամանակն է առաջ շարժվել այս ամենից»: Սակայն, գերմանացի խորհրդարանականները դիտարկեցին այս բանաձևը նաև որպես անուղղակի պատասխան Էրդողանին՝ Գերմանիայի և Եվրոպայի հետ փախստականների հարցում սպառնալիքների համար:
Խոսելով հետևանքների մասին, Վաալը գրում է, որ Էրդողանի վարչակազմի թիրախում կարող են հայտնվել Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայերը և այդ երկրում կիսաօրինական կարգավիճակում աշխատող հայաստանցիները: