Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասին համաձայնագրին երկակի կարելի է մոտենալ՝ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Իհարկե, մամուլում էլ կան վերլուծություններ, որտեղ նշում են և թերի, և դրական կոմերը: Այնպես որ ամեն ինչ կախված է այդ ամենի իրագործումից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ համաձայնագրով Հայաստանի օդային տարածքի անկախությունը վերանում է կամ զգալիորեն կրճատվում, Քոչարյանն արձագանքեց. «Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Կա երկրորդ կողմը՝ դա այն հնարավորությունն է, որ մեզ թույլ է տալու շատ մանրակրկիտ դիտարկել մեզ շրջապատող տարածքը: Այսինքն` մենք ինքներս, այդ հնարավորությունը, որ տալիս է Ռուսաստանի տեխնիկան, չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ դետալացված դիտարկել մեզ շրջապատող տարածքը, կարծում եմ՝ շատ կարևոր է»: Նրա խոսքով, նույնանման պայմանագրեր գործում են ՀԱՊԿ տարածքում: «ՀԱՊԿ-ը ռազմական առումով բաժանված է երեք գոտու՝ արևմտյան գոտին, որտեղ գործում են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը, երկրորդը Կենտրոնական Ասիայի ուղղությունն է, որտեղ կրկին Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրներն են, և երրորդը Կովկասյան ուղղությունն է, որտեղ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերն են: Այսինքն` դա ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդհանուր ծրագիր է»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Հունիսի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015-ին դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաև իր օդային տարածքն ու անվտանգությունը: