ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն առաջիկայում կքննարկի Հոլոքոստն ու մյուս ցեղասպանությունները պատմության կրթական ծրագրերում ներառելու հարցը: Օրենքն արդեն հավանություն է ստացել Սենատում, որի անդամները միաձայն` 36 կողմ են քվեարկել:
Օրենքը նախատեսում է միջնակարգ և ավագ դպրոցների կրթական ծրագրերում ներառել Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Կամբոջայի, Իրաքի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները: Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում օրենքի ընդունման պարագայում թեման կներառվի 2017-2018 թվականների դպրոցական կրթական ծրագրերում: Օրենքի առաջատար հովանավորներից սենատոր Գեյլ Գոլդինը նշել է. «Երբ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում գլոբալ առումով, ականատեսն ենք լինում պատերազմի հետևանքներին, կարևոր է, որ այդ ամենը դիտարկվի ավելի լայն պատմական կոնտեքստում, որ մեր երեխաներն էլ հասկանան ցեղասպանությունների և Հոլոքոստի երկարատև ազդեցությունը, որ մենք այլևս չկրկնենք պատմությունը»:
ԱՄՆ 7 նահանգներ` Կալիֆոռնիան, Ֆլորիդան, Իլինոյսը, Միչիգանը, Նյու Յորքը, Նյու Ջերսին և Փենսիլվանիան արդեն ունեն նման օրենքներ: