Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը խոսելով խորհրդարանի հունիսի 2-ին ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին` ասել է, որ այլևս «հետդարձ չկա»: «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում բանաձևի համահեղինակ Օզդեմիրը հայտնել է, որ Բունդեսթագի ընդունած բանաձևն իր նշանակությամբ տարբերվում է այլ խորհրդարանների ընդունած բանաձևերից:
«ՈՒղերձը, որ ցանկանում էինք հղել, շատ պարզ է և ակնհայտ. մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունը և ցանկանում ենք առերեսվել ցավոտ անցյալի հետ, որը մեր պատմության մի մասն է: Ասում ենք՝ եկեք միասին անենք դա, որքան էլ դժվար լինի: Վստահ եմ, որ սա Թուրքիայում արձագանք կգտնի և ավելի կուժեղացնի սրա համար պայքարող Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: Այլևս հետդարձ չկա»,- Ermenihaber.am կայէջի փոխանցմամբ ասել է նա: Օզդեմիրն ընդգծել է, որ բանաձևի ընդունմամբ ոչ ներկայիս Թուրքիային են մեղադրում, ոչ էլ Գերմանիային: