Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները հունիսի 10-ին եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը:
Մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջին ծանոթացել է հայ երաժիշտների հետ շփվելիս. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես թե կրկնվում է. տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»:
Մրցույթի մասին խոսելով՝ Մարկ Հիլդրյուն նշեց, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են: «Բավականին դժվար էր 12 դիրիժորներից այդ չորս մասնակիցներին ընտրել, բայց կարծում եմ` նրանք արժանի են»,- ասաց Մ. Հիլդրյուն: