Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, թե Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
«Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Բյուլբյուլօղլին նշել է. «Կարծում եմ, հունիսին հանդիպումը կկայանա: Մեզ համար դա շատ կարևոր է, որովհետև, ինչպես ակնկալվում է, այդ հանդիպմանը պետք է որոշվեն այն ուղենիշները, որոնցով կընթանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա զարգացումը»: Նա պնդում է, որ Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է և փոփոխությունների կարիք ունի: Բյուլբյուլօղլին ասել է, թե Ադրբեջանը սպասում է, որ Ռուսաստանը կակտիվացնի միջնորդական ջանքերը։ «Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում և ձգտում է լուծել այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Այդ մասին բազմիցս հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը»,- ասել է Բյուլբյուլօղլին՝ բարձր գնահատելով նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Նա նշել է, որ Մեդվեդևի նախագահության շրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 11 անգամ հանդիպել են: «Ռուսաստանը անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և շատ հարցերում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական պայմանագրով Ռուսաստանի դաշնակիցն է: Հայաստանը նաև որպես լիարժեք անդամ միացավ ԵԱՏՄ-ին և, իհարկե, Ռուսաստանը չի կարող անտեսել Երևանի շահերը»՝ ասել է դեսպանը: Նա հույս է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի օգնությամբ, ղարաբաղյան հակամարտությունը կգտնի արդարացի լուծում: Ադրբեջանցի դիվանագետը, մեկ անգամ ևս ընդգծելով Ռուսաստանի դերակատարությունը, ասել է, թե բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Գերմանիա այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջնահերթությունը պատկանում է Ռուսաստանին:
«Ես մեծ հույսեր ունեմ, որ նախագահների հունիսյան հանդիպումը կխթանի այդ ձգձգված հակամարտության արդարացի կարգավորմանը»,- ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը: