Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով Ռուսաստանի օրվա առթիվ, ու մաղթել, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան:
«Հարգարժան պարոն նախագահ։ Ողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթում, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն արժանի մակարդակի բարձրանան»,-ասված է շնորհավորական ուղերձում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Ռուսաստանի վարչապետին նամակում հույս է հայտնել, որ «առաջիկայում երկրների միջև համագործակցությունը կհասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար»։ «Ի դեմս Ձեզ՝ ռուսներին բարգավաճում ու բարեկեցություն եմ մաղթում»,-գրել է Յիլդիրիմը։