Սիրիայի իշխանություններին օգնության հարցում Ռուսաստանի ռազմական ներգրավումը հանգեցրել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Թուրքիան մինչև վերջերս ընկալվում էր եթե ոչ դաշնակից, առնվազն ամուր գործընկեր, գրում է southfront.org կայքը:
Քանի դեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից Ռուսաստանի վստահությանը դավաճանելու պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, իրադարձությունների այս անսպասելի շրջադարձը մեծացրել է Հայաստանում ռուսական զորակազմի կարևորությունը: Հայաստանը ոչ միայն կապված է Ռուսաստանի հետ հավաքական անվտանգության մի շարք պայմանագրերով, այլև երկար սահման ունի Թուրքիայի հետ, որ ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանի և Վրաստանի հետ, որոնք երկուսն էլ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի հետ կապեր են հաստատում: Դա նշանակում է, որ Հայաստանն Անդրկովկասում Բելառուսի համարժեքն է՝ բուֆերային պետություն անսպասելի թշնամացած ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև:
Սիրիայի ապագայի վերաբերյալ Ռուսաստան-ՆԱՏՕ կարծիքների տարբերությունների ցանկացած սրացում անպայմանորեն կներառի այդտեղ արդեն տեղակայված ռուսական զորքերը, հնարավոր համալրումները, որոնք կարող են ուղարկվել տարածք: Հայաստանում ռուսական ուժերի ներկայությունը կարևոր է դեռևս Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի չլուծված հակամարտության պատճառով:
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական կարևորությունը և նրա քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի միջոցով՝ պետք է հիշել, որ Հայաստանը գայթակղիչ «գունավոր հեղափոխության» թիրախ է: Այդ պատճառով այդտեղ տեղակայված ռուսական զորքերը կարող են իրենց ճակատում տեղակայված ուժերի մաս համարել: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան գտնվում է ՆԱՏՕ-ի սերտ հարևանությամբ, որը պահանջում է օդային հարձակման դեմ պաշտպանություն:
Ռուսաստանի ներկայիս ազգային անվտանգության ծրագրերը նախատեսում են Հայաստանում ռուսական ուժերի թվի մեծացում՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորման հարցում ՀԱՊԿ-ի դերի ուժեղացման մի մաս և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման պատասխան: Թե հետո ինչ տեղի կունենա՝ կախված է Արևմուտքից: Եթե Արևմուտքը շարունակի պնդել առճակատման ուղղությունը, Հայաստանում ռուսական ուժերը կարող են մեծապես բարդացնել նրա ռազմավարական հաշվարկները: