Անցած շաբաթ ԼՂՀ է այցելել ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նա հանդիպումներ է ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադարձությունները և ղարաբաղյան հակամարտության հարցում գերտերությունների դիրքորոշումը: Սատանովսկին հարցազրույց է տվել haqqin.az կայքին և նշել, որ իր կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող հաղթել նոր պատերազմում:
«Որքանով ես եմ հասկանում, հարցը, թե Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ ռազմական տրամաբանության և իրական քաղաքականության տեսակետից ամբողջությամբ փակ է: Ադրբեջանը կարող է ցանկացած քանակությամբ մարդու գլուխ ուտել, դրա համար կարող է ցանկացած քանակությամբ ժամանակ և փող վատնել, բայց դրա մեջ իմաստ, անկեղծ ասած, քիչ կա: Եթե, իհարկե, ցանկություն չկա, որ պատերազմն անմիջականորեն անցնի Ադրբեջանի տարածք: Ես նկատի ունեմ ականաֆուգասային, երկաթուղային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը»,- ասել է նա:
Սատանովսկին հավելել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմ չի վերադառնա»:
«Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից և չի վերադառնա: Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է այդ տարածքի ողջ բնակչության ֆիզիկական ոչնչացումը: Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա դրա կազմ: Պետք է ուղղակի հարց տալ՝ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, և կկարողանա՞ դա անել Ադրբեջանը: Հասկանում եք՝ կան բաներ, որոնք չեն լուծվում: Եվ ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է: Միակ բանը, որ կարելի է անել, այն կանգնեցնելն է, դադարել իրար սպանել և հասկանալ, որ դա ճակատագիր է: Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն կռվի Ստեփանակերտի հետ ցանկացած ժամանակով, անգամ մինչև վերջին ադրբեջանցին կամ հայը»,- ասել է նա։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Մոսկվան բանակցությունների հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Սատանովսկին պատասխանել է. «Գուցե նրա համար, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնի, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դե թող չհանդիպեն, եկեք պատերազմ սկսենք: Դուք հետևո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում: Էրդողանին դո՞ւր է գալիս, որ երբ խախտեց ոչ միայն անջատողականներից, այլև ահաբեկիչներից կազմված ՔԱԿ-ի հետ հրադադարը, ողջ Թուրքիայում ահաբեկչությունների շարք անցավ: Դա արժե՞ր: Բաքուն ցանկանում է գնալ Անկարայի ճանապարհով և իր երկիրը մարտադաշտի՞ վերածել: Եթե ոչ, պետք է խոսել: Ինչո՞ւ են Ադրբեջանին պետք այնպիսի հիմարություններ, որ անում են թուրքերը,- ասել է նա: