Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը ստեղծել է հոգեբանական բարենպաստ մթնոլորտ քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Նրա խոսքով՝ հանդիպումից հետո չէին ակնկալվում հակամարտության կարգավորման մեջ բեկում ու գլոբալ փոփոխություններ. «Հանդիպումն ամրագրեց մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված արդյունքները: Որոշվել է մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ՝ որ հանդիպումը կայացել է, անկասկած, դրական փաստ է»: Բրայզան հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մասնակցությամբ ցանկանում է ամրագրել խաղաղարարի իմիջը և ազդել ԵՄ-ի վրա՝ կապված ՈՒկրաինայի ճգնաժամից հետո Ռուսաստանի պատժամիջոցների վերացման հետ. «Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հանդիպմանը կարելի է գնահատել դրական, քանի որ հանդիպումը վերջին հաշվով անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: