Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ դիմում են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիԲ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ հաղորդում է «Cumhuriyet»-ը:
Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ «Միջազգային իրավունքի և ժողովրդավարության միության» (MAF-DAD) գործադիր խորհրդի նախագահ, իրավաբան Հեյք Գեյսուեյդը, իրավաբաններ Բրիտա Էդերը, Պետրա Դերվիշայը, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը, Ստամբուլի իրավաբանների միության փաստաբան Էրջան Քանարը ասել են, որ Գերմանիայի դաշնային դատախազություն են ներկայացրել 200- էջանոց դիմում, որով Էրդողանին մեղադրում են «ռազմական հանցագործություն կատարելու» և «մարդու իրավունքները խախտելու մեջ»: Բացի նախագահից, նույն մեղադրանքը ներկայացվել է 2 տասնյակ թուրք պաշտոնյայի, նրանց թվում են նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախկին նախարարներ Իսմեթ Յըլմազը և Մեհմեդ Վեջդի Գյոնյուլը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորականներ: Դիմումի առանցքում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում՝ հիմնականում Շըրնաքի և Ջիզրեի դեպքերն են: Գործին առնչվող վկաների ցուցմունքները դիմումին կից ներկայացվել են դատախազությանը: Սեպտեմբերի 4-11-ին բախումների ժամանակ սպանվել է 21 խաղաղ բնակիչ, Ջիզրեում նկուղներում սպանվել է 178 քաղաքացի:
Այդ գործողության ընթացքում խոչընդոտվել են տարածքում բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների, պատգամավորների, ընտանիքների հարազատների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, անջատվել է բջջային կապը, դիտավորյալ արգելվել է շտապօգնության մեքենաների մուտքը: Գերմանիայի «Կանաչների կուսակցության» նախկին պատգամավոր, իրավաբան Մեմեթ Քըլըչը, մեկնաբանելով հարցի իրավական կողմը, նշել է, որ քաղաքական անձեռնմխելիությունը չի վերացնում հանցանքը:
«Այս դիմումը կարող է մինչև Հաագայի միջազգային դատարան հասնել»,- ասել է իրավաբանը՝ նշելով, որ այս գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում աճել է Էրդողանից և նրա վարչախմբից հաշիվ պահանջելու վճռականությունը: