Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում հնչեցրել է իր ծրագրի 3 կետերը Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ:
«Մենք այսօր Եվրամիությունում հանդիպում ենք ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո: Սա կլինի Քեմերոնի համար առաջին հնարավորությունը այստեղ` կառավարությունների 27 ղեկավարների առջև արտահայտելու իր գնահատումները: Ինձ համար կարևոր է, որ մենք անցնենք բանակցություններին, երբ Մեծ Բրիտանիան հարցում կներկայացնի, այսինքն` ձևական կամ ոչ ձևական բանակցությունները կկայանան, երբ բրիտանական կառավարությունը կդիմի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածին, ապա հարցում կներկայացնի»,- ասել է կանցլերը լրագրողներին, ժամանելով պետությունների և կառավարությունների ԵՄ գագաթնաժողովին:
«Երկրորդ, ես կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք լուծումներ փնտրել ԵՄ հետագա զարգացման համար, ավելի շատ հոգ տանենք աշխատատեղերի, մրցունակության և տնտեսության մասին, որ դա մենք անենք համախմբված` 27-ի ուժերով: Երրորդ` ինձ համար կարևոր է, որ մենք այսուհետև էլ Մեծ Բրիտանիային վերաբերվենք որպես ընկերոջ և գործընկերոջ: Չնայած մենք տեսնում ենք որոշումը, որը մեզ շատ է տխրեցնում, մենք սերտ կապված ենք շատ ոլորտներում, և դա այդպես էլ կշարունակվի: Որպես Գերմանիայի կանցլեր, ես դա ասում եմ նաև երկկողմ հարաբերությունների մասին»,- նշել է Մերկելը: