Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Երկու առաջնորդներն էլ պահպանում են իրենց դեմքը»

«Երկու առաջնորդներն էլ պահպանում են իրենց դեմքը»
29.06.2016 | 12:19

«Կոմերսանտի» փոխանցմամբ` թուրքական, ամերիկյան ու ադրբեջանական ԶԼՄ-ները 2015-ի նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի ոչնչացման ու օդաչու Օլեգ Պեշկովի զոհվելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներողությունը ներկայացնում են Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վերականգնման առաջին քայլ: Կոնֆլիկտից տառապում են երկու երկրներն էլ, և իրադարձությունների նման զարգացումն օգտակար կլինի նրանց համար:


Hürriyet-ը գրել է, որ Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է՝ 2015-ի նոյեմբերի 24-ի միջադեպի պատճառով հարաբերություններում սկիզբ առած լարվածությունից հետո, երբ Թուրքիան կործանեց ռուսական ռազմական ինքնաթիռ, վերջապես ի հայտ են գալիս ավելի շատ առիթներ` խոսելու երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին: Քուրթուլմուշը հունիսի 27-ին կառավարության շաբաթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Մենք տեսնում ենք հարաբերությունների բարելավման նշաններ, ինչ նախագահն ու վարչապետը նամակներ հղեցին ռուսական իշխանություններին»: Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ հարաբերություններում շրջադարձի առաջին լրաբերը դարձավ ՌԴ կառավարության կողմից Ռուսաստանի տարածքում գործող թուրքական ընկերություններում աշխատող թուրք քաղաքացիների աշխատանքային իրավունքը վերադարձնելը: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր ՌԴ տարածքում գործող թուրքական ընկերություններում աշխատող թուրք քաղաքացիներին աշխատանքային թույլտվության կասեցման մասին, որ պատժամիջոցների փաթեթի մաս էր, որոնք սահմանվել էին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է հարաբերությունների կարգավորում, պետք է պաշտոնապես ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի ինքնաթիռի կործանման ու նրանում գտնված երկու օդաչուների սպանության համար:


Trend-ը գրում է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վլադիմիր Պուտինին նամակ հղելը, որում նա ներողություն է խնդրում «Սու-24» ռմբակոծչի կործանման համար, ստեղծված դիվանագիտական փակուղուց դուրս գալուց վաղուց ակնկալելի ելքի տարբերակն էր: Հունիսի 27-ին Trend-ի հետ զրույցում իրադարձություններն այդպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի` Հարավային Կովկասի հարցերով նախկին տեղակալ Մեթյու Բրայզան. «Անհասկանալի է միայն, թե նախագահ Էրդողանն օգտագործե՞լ է «Ես ներողություն եմ խնդրում» ձևակերպումը: Ամեն դեպքում Կրեմլը Էրդողանի հայտարարությունը որակում է որպես ներողություն, և դա երկրներին հնարավորություն կտա վերականգնելու խաթարված հարաբերությունները: Մենք, համենայն դեպս ես, հաստատապես շատ երկար ենք սպասել իրադարձությունների նման զարգացմանը: Երկու հպարտ և ուժեղ առաջնորդները այդպես պետք է հաղթահարեն դիվանագիտական փակուղին: Այսօր մեծ օր է թուրքական դիվանագիտության համար, քանի որ Անկարան ու Երուսաղեմը նույնպես հայտարարում են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման պայմանավորվածության մասին: Ամփոփելով արդյունքները` նշենք, որ Պուտինը վստահեցնում է, որ Էրդողանը ներողություն է խնդրել, իսկ Էրդողանը կարող է հայտարարել, որ ասել է մի փոքր այլ բան: Երկու առաջնորդները պահպանում են դեմքը, իսկ հարաբերությունները կարգավորվում են»:


The New York Times-ի գնահատականով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման մասին հայտարարելու նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակում ափսոսանք հայտնեց նոյեմբերյան միջադեպի համար, որի ժամանակ թուրքական ուժերը կործանեցին թուրքական կողմի պնդմամբ երկրի օդային տիրույթը խախտած ռուսական ինքնաթիռը: Պարոն Էրդողանը հայտնվել էր դիվանագիտական առումով մեկուսացված վիճակում: Երկուշաբթի նրա գործադրած ջանքերը կարելի է դիտարկել այդ վնասի գոնե մի մասը նվազեցնելու փորձ: Եվրոպական խորհրդի` միջազգային հարաբերությունների փորձագետ Ասլի Այդընթաշբաշը հայտարարել է.
«Թուրքիան վերջին տարիներին զգում է մեկուսացվածության հատուկ զգացում, քանի որ նրա «զրո խնդիր հարևանների հետ» հանրահայտ քաղաքականությունը փոխել է իրավիճակը, որի դեպքում նրա համար չի մնացել որևէ հարևան, որի հետ չլինեն խնդիրներ: Դա հանրապետության ողջ պատմության ընթացքում առավել մենության գագաթնակետն էր: Թվում էր, թե կառավարության բնական, իրական ընկերները Սաուդյան Արաբիան ու Կատարն են: Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման այդ որոշման հիմքում ընկած է գոյաբանական մղումը: (Էրդողանի) կուսակցությունը հավաքել է զգալի թվով քվեներ և հենց նոր է հաղթել ընտրություններում: Սակայն դժվար է ղեկավարել մի երկիր, ուր գոյություն ունի ապստամբական լուրջ շարժում, թույլ տնտեսություն, իսկ թշնամիների ցուցակը վիթխարի է»:


The Times-ը կարծում է, որ Թուրքիան լրջորեն տուժել է առևտրային պատժամիջոցներից, հատկապես զբոսաշրջության ոլորտում: Ռուսաստանցիները անցալ տարի Թուրքիայում կազմել են զբոսաշրջիկների խոշորագույն մասը:
Վերջին շաբաթներին աճել է նախանշանների թիվը, որ Թուրքիան կարող է գնալ հարաբերությունների կարգավորմանը: Պարոն Էրդողանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ նամակ հղեց պարոն Պուտինին` հայտարարելով, որ հուսով է, թե երկու երկրների հարաբերությունները կհասնեն բարձր մակարդակի: Նախորդ շաբաթ Ալփարսլան Չելիքը` թուրք զինյալ-ազգայնական, որ սպանել է ռուս օդաչուին, երբ նա կատապուլտի օգնությանն էր դիմել, վերստին կալանավորվել է և կանգնելու է դատարանի առջև: Ավելի վաղ գործը դադարեցվել էր թուրքական դատարանի կողմից, իսկ Ալփարսլան Չելիքը հարցազրույց է տվել թուրքական հեռուստատեսությանը, որում բառացիորեն գովել է իրեն: Այժմ նրան սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում:


Daily Sabah-ը նշում է, որ սկզբնական շրջանում Էրդողանն ու Պուտինը փոխանակվեցին սուր քննադատություններով ու վերջնագրերով: Կրեմլը իր մեղադրանքները ներկայացրեց Անկարային և սահմանեց պատժամիջոցներ, որոնք շարունակում են ծանր ազդեցություն ունենալ զբոսաշրջության թուրքական շուկայի վրա: Սակայն ռուսական պատժամիջոցները հարվածեցին հենց Ռուսաստանին. թուրքական ապրանքների հանդեպ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում աճեցին բանջարեղենի ու մրգերի գները: Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքականությունը տարբերվում է Սիրիայի և ՈՒկրաինայի հարցերում: Անկարան չի ճանաչել 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Մոսկվային մշտապես մեղադրում է Ասադի ռեժիմին աջակցելու համար:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ