Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են բոլորի համար ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ միջազգային պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, ցավակցել է զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Երկու կողմերն էլ նշել են բոլորի համար ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ միջազգային պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիայի նախագահի ուղերձը նախապայմաններ է պարունակում երկկողմ հարաբերություններում ճգնաժամային էջը շրջելու և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համատեղ աշխատանքի վերսկսման գործընթացը սկսելու համար։ Այդ կոնտեքստում հույս է հայտնել, որ ռուս օդաչուին սպանած Թուրքիայի քաղաքացու դեմ սկսված դատական քննությունը օբյեկտիվ կլինի։ ՌԴ նախագահը հայտնել է, որ կառավարությանը կհանձնարարի բանակցություններ վարել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ հարաբերությունների վերականգնման համար՝ խոսքը ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա այցելելու սահմանափակումները հանելու մասին է։ Ընդ որում, ցանկալի է, որ Թուրքիայի կառավարությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Թուրքիայի տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար։ Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների արտգործնախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ ՌԴ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են մշակել հանդիպման անցկացման առաջիկա հեռանկարները։ Ընդհանուր առմամբ հեռախոսազրույցը գործնական, կառուցողական բնույթ է կրել և ուղղված է եղել բազմապլանային երկկողմ համագործակցության ավանդական բարեկամական բնույթի վերականգնմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված հեռախոսազրույցը բավականին արդյունավետ է անցել։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարարութան մեջ նշվել է, թե կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերակենդանացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի դեմ համագործակցության հարցերը։
«Պարոն Պուտինը հեռախոսազրույցում դատապարտել է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի համար, ինչպես նաև պայմանավորվել հանդիպել դեմ առ դեմ»,- նշվել է հայտարարության մեջ։