Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, հայտնում է AFP–ն։
Անկարայի եւ Կահիրեի հարաբերությունները վատացել էին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։ Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին մի շարք փորձագետներ ենթադրում էին, որ Անկարան կսկսի Եգիպտոսի հետ հաշտության ուղիներ փնտրել։
Սակայն Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսի «բռնապետական ռեժիմի հետ հարաբերությունների ջերմացում ակնկալել պետք չէ»։ Նրա խոսքով՝ Անկարայի դիրքորոշումը Կահիրեի հարցում տարբերվում է Իսրայելի դեպքից։ «Մուրսիի եւ նրա կողմնակիցների դեմ դատավճիռը կեղծ է»,– ասել է նա՝ հավելելով, որ այդ մարդիկ իրենց եղբայրներն են, եւ իրենք չեն կարող ընդունել այդ որոշումը։