ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, սակայն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հայտարարությունը: «ՆԱՏՕ-ն նախկինում ևս բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը: Ինչպես նաև նորություն չէ, որ Հայաստանը և Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են»,- ավելացրել է Բալայանը: Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ այժմ բանակցությունների սեղանին շատ գաղափարներ կան. «Վերջերս՝ իր հայ գործընկերոջ այցից հետո, ՆԱՏՕ-ում է եղել Ադրբեջանի արտգործնախարարը, երկուսն էլ հստակ ներկայացրել են իրենց մոտեցումները: Մենք իրոք հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել այդպես երկար, պետք է փոխարինվի և դա պետք է կատարել բանակցությունների ճանապարհով»:
«Մենք մտահոգված ենք այդ խնդրով և այն տեսանելի էր ապրիլյան չորսօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրված փոքր մասշտաբի դեպքերից: Բարեբախտաբար երկու կողմերն էլ, իմ կարծիքով, խուսափել են այդ շատ վտանգավոր իրավիճակից»,- ասել է Ափաթուրայը: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ իրավիճակը համեմատած ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի շատ ջանքեր գործադրվեն: