Հռոմի պապը աշնանը կայցելի Ադրբեջան, որտեղ ակնկալվում է՝ կանդրադառնա նաև Ղարաբաղյան խնդրին, հաղորդում է Ասոշեյթեդ պրեսը: Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հրապարակել է Ֆրանցիսկոս պապի՝ սեպտեմբերի վերջին Վրաստան և Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը, մանրամասնելով՝ Սրբազան քահանայապետը երկու երկրներում հանդիպումներ կունենա քրիստոնյա, հրեա ու մահմեդական առաջնորդների հետ: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Թբիլիսի կժամանի սեպտեմբերի 30-ին, կհանդիպի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:
Հաջորդ օրը Հռոմի պապը պատարագ կմատուցի Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար: Այցի երկրորդը օրը Քահանայապետը կլինի Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճարում: 11-րդ դարում կառուցված այս հոգևոր կենտրոնը ամենամեծն է Վրաստանում պահպանված պատմական հուշարձանների ցանկում, որտեղ, ըստ ավանդույթի, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից: Վրաստանյան այցը կտևի երկու օր: Հոկտեմբերի 2-ին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կմեկնի Ադրբեջան: Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի Բաքվի տաճարում, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: