Քառորդ դար հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը նորից կին է` ներքին գործերի նախկին նախարար Թերեզա Մեյը: Նա երկրորդ կին վարչապետը կդառնա Մարգարեթ Թետչերից հետո: Նախապես ենթադրվում էր, որ Դեյվիդ Քեմերոնը, ինչպես և խոստացել էր Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեի անակնկալ արդյունքից հետո, կհեռանա սեպտեմբերին: Իշխող պահպանողական կուսակցության ներսում գործընթացներն արագացրին իրադարձությունները:
Երբ ներկուսակցական պայքարում Թերեզա Մեյի միակ հակառակորդը` Անդրեա Լեդսոմը երկուշաբթի օրը հայտարարեց նախընտրական պայքարից դուրս գալու մասին, վարչապետ Քեմերոնը հանդես եկավ հայտարարությամբ. «Վերջին զարգացումներից ելնելով՝ մենք երկարատև անցումային շրջանի կարիք այլևս չունենք: Վաղն արդեն ես վերջին անգամ կվարեմ կառավարության նիստը, չորեքշաբթի օրը կմասնակցեմ Համայնքների պալատում կազմակերպվելիք կառավարության հարցուպատասխանին, որից հետո կմեկնեմ թագավորական պալատ և կներկայացնեմ իմ հրաժարականը: Մինչև չորեքշաբթի երեկո նոր վարչապետը մուտք կգործի իմ թիկունքում գտնվող այս շենք»,- Դաունինգ սթրիթ 10-ում հավաքված լրագրողներին ասել է վարչապետ Քեմերոնը:
Նրա կառավարության վերջին նիստը տևել է մեկ ժամ՝ փակ դռների հետևում: Քեմերոնը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար, նշելով, թե՝ հպարտ է վեց տարվա աշխատանքի և 215 անգամ կառավարության նիստերը նախագահելու համար:
Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը՝ Թերեզա Մեյը, 59 տարեկան է: Նա աշխարհագրագետ է, ավարտել է Օքսֆորդի համալսարանը: Քաղաքականություն Մեյը մուտք է գործել 90-ականներին, Համայնքների պալատի անդամ է ընտրվել 1997-ին: Մինչև ներքին գործերի նախարար նշանակվելը Թերեզա Մեյը երկու տարի շարունակ զբաղեցրել է կանանց իրավահավասարության հարցերով նախարարի պաշտոնը: