Սիրիայի նախագահ Բաշար Ասադը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երբեք իր հետ չեն քննարկել իշխանության փոխանցման հարցը:
«Նրանք երբեք չեն ասել և ոչ մի բառ այդ մասին»,- նշել է Ասադը: Սիրիայի նախագահի խոսքով՝ իրեն բոլորովին չեն մտահոգում լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մոսկովյան այցի ընթացքում կարող է Պուտինի հետ գործարք կնքել, որը Ասադին կստիպի հեռանալ: Բաշար Ասադի համոզմամբ՝ Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է ոչ թե գործարքների վրա, այլ՝ արժեքների, այդ պատճառով իրեն չի վախեցնում համաձայնությունը, որին կարող են հասնել Մոսկվան ու Վաշինգտոնը: Ասադը Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները բնորոշել է բաց և ազնիվ:
Նրա խոսքով՝ ինքը մշտապես կապի մեջ է ՌԴ նախագահի հետ: Արևմտյան երկրները պնդում են Սիրիայի իշխող ռեժիմի փոփոխության անհրաժեշտությունը: Վաշինգտոնի և դաշնակիցների կարծիքով, Ասադի հեռացումը կարևոր նախապայման է հրադադարի հաստատման և երկրում իրավիճակի կայունացման համար: