Սա դասական հեղաշրջում չէր, նրանք պետք է արգելափակեին ինտերնետը, հեռուստատեսությունը, բայց հակառակ դրան, ձգտում էին մարդկանց ցույց տալ, թե ինչ է կատարվում, դեռ բոլորին էլ հրավիրում էին փողոց՝ կռվելու զինվորականների հետ. Tert.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցություն հայազգի պատգամավոր Սելինա Օզուզուն Դողանը՝ անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին:
Նա պատմեց, որ ապրում է Թուրքիայի խորհրդարանին մոտ, ռազմական հեղաշրջման փորձի ականատեսն է եղել: «Ես չէի կարողանում դուրս գալ, որովհետև նրանք կրակում էին, նրանք կռվում էին փողոցում. ցավոք սրտի, նրանք ռմբակոծել են խորհրդարանը: Մեր գործընկներն այնտեղ էին, գնդակոծվում էին»,- պատմեց նա: Սելինա Դողանը նշեց, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տարբեր վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ հեղաշրջման կազմակերպիչները պետք է աջակցություն ստանային ԱՄՆ-ից, սակայն չստացան, այդ պատճառով էլ նախաձեռնածը չստացվեց: Իր համար առավել իրատեսական է վարկածը, որ հեղաշրջումն իրականացվել է հենց երկրի ղեկավարության կողմից՝ թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլա Գյուլենի կողմնակիցներին ռազմական համակարգից «մաքրելու համար»:
«Ժամանակին Ֆեթուլլա Գյուլենը կազմակերպություն հիմնեց իր կողմնակիցների հետ: Կազմակերպության անդամները շատ լավ հարաբերությունների մեջ էին Էրդողանի հետ, սակայն վերջին տարիներին նրանց միջև խնդիրներ առաջացան: Էրդողանն ամեն կերպ փորձում էր նրանց վտարել պետական համակարգերից, նախ նրանց մաքրեց դատական համակարգից, հիմա էլ երևի փորձ է արվում նրանց մաքրել ռազմականից»,- ասաց նա: Սելինա Դողանը պատմեց, որ իր բնակարանից ամեն ինչ շատ լավ երևում և լսվում էր:
«Ինձ համար շատ տարօրինակ էր ամեն ինչ. ամենավտանգավորն այն էր, որ անցած գիշեր, մզկիթներում իմամները ղուրան էին կարդում, իսկ հետո շատ կազմակերպված մարդիկ՝ ջիհադիստների խումբ, բացականչելով «Ալլահու ակբար» (Աստված մեծ է), սկսեցին կռվել զինվորականների հետ, կտրել մարդկանց գլուխներ: Սա ամենավտանգավորն էր: Հետո նրանք հրավիրում էին բոլոր մարդկանց փողոցներ, որ կռվեն զինվորների հետ: Սա շատ-շատ վտանգավոր էր և նորմալ չէր»,- ասաց Սելինա Դողանը: Այս ամենը հարցեր են առաջացել. «Եթե հեղաշրջման փորձ անողները զինվորականների մի փոքր խումբ էր, ինչո՞ւ ավելի մեծ խումբը զինվորականների դուրս եկավ փողոց կռվելու: Որտե՞ղ էին ոստիկանները: Ինչո՞ւ էին այդ զինվորականները ռմբակոծում խորհրդարանը, եթե խորհրդարանը պետական մարմին է: Ամեն ինչ տարօրինակ է: Կարևոր մի բան էլ. իշխանությունները շահեցին. հիմա նրանք շատ ավելի մեծ իշխանության եկան, ազդում են հասարակական կարծիքի, տրամադրությունների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս կողմից էլ հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցածը կօգնի, որ դեմոկրատ մարդիկ դառնան ավելի կազմակերպված և միասնական և պաշտպանեն խորհրդարանական համակարգը: