Անկարայում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի միևնույն կերպ բնութագրել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կապ կա Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների միջև։
«Թուրքիայի դեպքում խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, իսկ Հայաստանի և Ղազախստանի դեպքում՝ տարբեր քրեական դրսևորումներ են»,-ասել է Դմիտրի Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հարևանների կայունության և բարգավաճման հարցում, իսկ երկրի սահմանների անվտանգությունը պատշաճ ապահովված է։ Նրա խոսքերով՝ դժվար թե կարելի է միևնույն կերպ գնահատել Ռուսաստանի սահմաններին տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները:
«Անշուշտ, մեր սահմաններին տուրբուլենտությունը մտահոգություն է առաջացնում, ստիպում է չափազանց ուշադիր հետևել իրավիճակին, վերլուծել: Երկրի անվտանգությունն անկասկած ապահովվում է պատշաճ մակարդակով»,- նշել է մամուլի քարտուղարը: Պեսկովի խոսքերով՝ հաշվի առնելով ստացվող տեղեկատվությունը, կիրառվում են անհրաժեշտ քայլեր: