ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Նովոստի» գործակալությանը ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցով:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն աշխատում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ՝ լարվածության թուլացման և հակամարտության խաղաղ լուծման համար բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման նպատակով: Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման խմբի ընդլայնման հարցով», - ասել է Ուորլիքը:
Նա հայտնել է, որ ծրագրվում է հակամարտության կարգավորման ընդարձակ բանակցությունների շարունակում՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ: «Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացը անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության թուլացման համար», - հայտարարել է Ուորլիքը: