Կատալոնիայի կառավարությունը դիմել է Մադրիդին` ասելով, որ Իսպանիայի համաձայնությամբ, թե առանց իրենք դիմելու են սեցեսիայի ու ձեռք են բերելու անկախություն: The Guardian-ը գրում է, որ Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հակառակ գնալ Իսպանիայի սահմանադրական դատարանի կայացրած վճռին ու նոր թափով պայքարել անկախության համար:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելն ու ԱԳ նախարար Ռաուլ Ռոմևան բրիտանական պարբերականի հետ զրույցում նշել են, որ Մադրիդի կոշտ դիրքորոշումը դրդում է իրենց ավելի ուժեղացնել անկախության համար պայքարը: Թեև Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բազմից հայտարարել է, որ կօգտագործի բոլոր քաղաքական ու արդարադատական մեխանիզմները երկրի միասնականությունը պահելու համար, Ռոմևան պնդում է, որ Մադրիդը պարտավոր է գնալ ժողովրդավարության ճանապարհով ու հարգել կատալոնացիների մեծ մասի կամքը:
«Նույնիսկ եթե Իսպանիայի բոլոր դատարանները Կատալոնիայի անկախության դեմ վճիռ կայացնեն, մեզ չի խանգարի սեցեսիա իրականացնել»,- ասել է Ռոմևան: