BBC-ի փոխանցմամբ` ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը և ԱՄՆ-ն անհանգստություն են հայտնել Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբի գրաված ոստիկանական տեղամասի մոտ գիշերային ցույցի ցրման ժամանակ Հայաստանի ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ: Մինչդեռ` չնայած քաղաքապետարանի արգելքին, «Սասնա ծռերին» աջակցող ընդդիմադիրները հավաքվում են ցույցի քաղաքի կենտրոնում:
«Անհանգստությամբ հետևում եմ Հայաստանում` ԵԽ անդամ երկրում, տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ արդեն մի քանի օր զինված խումբը պատանդներ է պահում ոստիկանական տեղամասում: Կուզեի հիշեցնել, որ օրենքի գերակայությամբ ղեկավարվող երկրներում բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով, ժողովրդավարության նորմերի և ստանդարների նկատմամբ հարգանքով»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի հայտարարությունում: Յագլանդը կողմերին կոչ է արել դադարեցնել «այդ վտանգավոր իրադրությունը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներ կիրառելուն»: Նման հայտարարություններ արել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և ԵԱՀԿ տեղական գրասենյակում:
ԱՄՆ-ն իշխանություններին կոչ է արել նպաստել «Հայաստանի քաղաքացիների խոսքի ազատության և ազատ հանրահավաքների իրավունքների իրականացմանը», իսկ ցուցարարներին` «ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից և խուսափել Էրեբունիի ոստիկանության շենքի մոտ ակտիվ իրադարձություններից»:
Երևանի ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ «հասարակական կարգը պետք է վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան» և կոչ է արել «բոլոր հետաքրքրված կողմերին հանդես բերել առավելագույն զսպվածություն»: