Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարին ասել է, որ հետ չի կանգնում Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, որը Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Քրիստոնեա-դեմոկրատական միության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ փոխանցել է, որ զրուցել է Մերկելի հետ, կանցլերն ընդգծել է իր դիրքորոշումը: Քաուդերը նշել է, որ թեև Մերկելը հունիսի 2-ին Բունդեսթագում ներկա չի եղել բանաձևի քվեարկությանը, ավելի վաղ կուսակցական հանդիպմանը քվեարկել էր նախագծի օգտին: