Reuters-ը պարզել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով հնարավոր համաձայնության մանրամասները: Գործակալությունը հղում է արել Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մայքլ Ռաթնիի նամակին՝ ուղղված սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչներին: Սեպտեմբերի 3-ի նամակում հայտարարվել է շուտով համաձայնության հասնելու մասին, և բացահայտվել են որոշ մանրամասներ:
Փաստաթղթի համաձայն՝ ենթադրվում է, որ Ռուսաստանը սիրիական ռազմաօդային ուժերին կպարտադրի դադարեցնել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանների ռմբակոծումները: Վաշինգտոնը պնդում է, որ սիրիական զորքերը հեռացվեն Հալեպի հյուսիսում մատակարարման համար առանցքային ճանապարհից: Առաջարկվում է ճանապարհը դարձնել ապառազմականացված գոտի, ևս մեկ հարավարևմտյան ճանապարհ օգտագործել հումանիտար օգնություն հասցնելու համար: