Դեռևս վաղ է խոսել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ 2018-ի նախագահական ընտրություններին: Կրեմլի կայքի փոխանցմամբ՝ Bloomberg գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ես կարող եմ ընտրություններին կամ մասնակցել, կամ չմասնակցել: Եթե չմասնակցեմ, կընտրվի պետության մեկ այլ ղեկավար, Ռուսաստանի այլ նախագահ, և այդ ժամանակ իրենք քաղաքացիները կորոշեն՝ ում օգտին պետք է քվեարկեն»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ հիմա 2018-ից հետո տնտեսության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներ են ընթանում: «Այդ պատճառով բացարձակապես վաղաժամ է այդ մասին այժմ խոսելը: Գիտեք, արդի, արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելն ուղղակի վնասակար է: Հարկավոր է աշխատել, իրականացնել այն պլաններն ու խնդիրները, որ մեր առջև դրել ենք, հարկավոր է հասնել մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Այդ խնդիրների լուծումից կախված՝ հետագայում կդիտարկենք 2018-ի նախագահական ընտրարշավը կազմակերպելու հարցը, և թե ով կմասնակցի դրանց: Ես առայժմ ոչ մի որոշում չեմ ընդունել»,- հայտարարել է Պուտինը: