«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ ամերիկացի պաշտոնյաների հետ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը քննարկելու համար՝ հայտնում է Ahaber հեռուստաալիքը:
Հինգհոգիանոց պատվիրակությունը գլխավորում է միջազգային հարցերով կուսակցության գլխավոր քարտուղարի խորհրդական Մեհդի Էկերը: «Մենք հանդիպումներ կունենանք դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների, Կոնգրեսի սենատորների, Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Կլինեն հանդիպումներ քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: Շատ հագեցած ծրագիր է»,- ասել է Էկերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Գյուլենի արտահանձնումը քննարկելու համար ԱՄՆ կմեկնի Թուրքիայի ներքին գործերի նախարարը և արդարադատության նախարարը: