Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում որոշակի մանրամասներ է ներկայացրել Չինաստանում G20 գագաթնաժողովի շրջանակում Էրդողանի պաշտոնական հանդիպումներից: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներում Էրդողանը քննարկել է Հալեպի շուրջ ստեղծված խնդիրը: Քալընի խոսքով՝ նախագահները բանակցել են Հալեպում հնարավոր զինադադարի շուրջ:
«Մեր նախագահը Չինաստանից հեռանալուց առաջ անգամ մինչև վերջին պահն Օբամայի և Պուտինի հետ խոսել է Հալեպի մասին: Նա երկուսին էլ առաջարկել է հնարավորինս շուտ լուծել Հալեպում հրադադար հաստատելու խնդիրը: Մեզ տարբեր լուրեր էին հասնում: Կարծես թե այս ամենն ավարտին է մոտենում, հույսով լի ենք: Սպասում ենք վերջնական որոշմանը»,- ասել է Քալընը: