ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեծ ակնկալիքներ չունի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից: «Քսան տարուց ավելի է՝ մենք այս գործընթացի մեջ ենք: Պարբերաբար լինում են հանդիպումներ: Մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով: Ադրբեջանը նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք լինում են սեղանի շուրջ, կոպտորեն խախտում է»,- լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, դրա վառ վկայությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն էին, որտեղ խոսվել է, պարտավորություն է վերցվել, որ շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը:
«Սակայն իրական դաշտում Ադրբեջանը, ըստ էության, խանգարում է: Ակնկալիք կարող է լինել, եթե Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: Քանի կրակում են, քանի սադրում են, անհնարին է կարգավորման շուրջ բանակցային գործընթացում արձանագրել առաջընթաց»,- ասել է Շ. Քոչարյանը: