ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը: «Դիտարկվել ու համաձայնեցվել են օրակարգի նախագծեր Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ու արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի ու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի համար: Նիստերը ծրագրված են հոկտեմբերի 14-ին` Երևանում»,- լրագրողներին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ որոշվել է փաստաթղթերի նախագծերը ուղարկել ՀԱՊԿ անդամ պետություններին: Նա հայտնել է, որ դիտարկվել ու համաձայնեցվել է օրակարգի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71 նստաշրջանի օրերին՝ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների աշխատանքային հանդիպման համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին` Երևանում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ է լինելու: