«Ապրիլից ի վեր Ալիևի ռեժիմը ուժեղացրել է երկրում ազատությունների սահմանափակումները: Այս վտանգավոր և արագընթաց վատթարացումը ավելի վճռական գործողություններ է պահանջում ԱՄՆ-ից, մինչդեռ Օբամայի վարչակազմը ըստ էության դեռ լուռ է»,- գրում են ամերիկյան Մաքքեյնի ինստիտուտի մարդու իրավունքների հարցերով ծրագրի տնօրեն, նախկին բարձրաստիճան դիվանագետ Դևիդ Քրամերը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Washington Post-ում: Հեղինակները կոչ են անում ԱՄՆ կառավարությանը կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիևի նկատմամբ, ով մինչև ապրիլի սկզբին Վաշինգտոնում Միջուկային համաժողովը ցուցադրում էր ավելի մեղմ կեցվածք ազատությունների նկատմամբ և որոշ քաղբանտարկյալներ էր ազատել բանտերից:
«Այժմ մոտ 100 քաղբանտարկյալներ կան այդ երկրի տարբեր բանտերում»,- գրում են հեղինակները՝ բերելով ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների բազմաթիվ օրինակներ: «Այս իրավիճակը կարող է է՜լ ավելի վատթարանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիևի ռեժիմը բռնությամբ մի հանրաքվե է անցկացնելու՝ իր դիրքերը ուժեղացնելու համար: Ռեֆերենդումի արդյունքը արդեն իսկ պարզ է»,- նշում են նրանք: «Մեզ ասում են, որ լուռ դիվանագիտությունը միակ տարբերակն է Ադրբեջանում ԱՄՆ շահերի պաշտպանության համար», սակայն հեղինակների կարծիքով` Օբամայի վարչակազմը պետք է ավելի ուժեղ միջոցներ ձեռնարկի, ներառյալ Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի կողմից վարկերի տրամադրման կասեցումը մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակով պայմանավորված:
«ԱՄՆ-ը պետք է նաև հետ կանչի դեսպանին երկարաժամկետ խորհրդակցությունների համար՝ կապված մարդու իրավունքների սոսկալի վիճակի, կոշտ հակաամերիկյան քարոզարշավի հետ»,- գրում են նախկին բարձրաստիճան դիվանագետները, պնդելով, որ ԱՄՆ-ի լռությունը Վաշինգտոնին դարձնում է մեղսակից մարդու իրավունքների նկատմամբ Ալիևի բռնություններում: