ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներման առնչությամբ ասել է, որ համաներման ինստիտուտը կիրառվում է ամբողջ աշխարհում, բայց դա պետք է միշտ նպատակ հետապնդի` լուծի կոնկրետ խնդիրներ. «Օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ, որ անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այդպիսին դիտելու»:
Դիտարկումը, թե համաներումը նպատակաուղղված է կալանավայրերի բեռնաթափմանը՝ ՄԻ պաշտպանը հրաժարվեց մեկնաբանել: «Քանի որ համաներման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, հետևաբար ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչ դրույթներ է ունենալու համաներման ակտը»: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության հարցին, որի մասին նաև ՄԻՊ-ն է անդրադառնում իր զեկույցներում, Արման Թաթոյանը պատասխանեց, որ խնդիր, իհարկե, կա:
«Արմավիր ՔԿՀ-ի գործարկմամբ խնդիրը չլուծվեց, բայց դա նպաստեց, որ բեռնաթափման հարցը որոշակիորեն լուծվի: Իսկ ընդհանրապես համաներումները կախված են բովանդակությունից, գնահատականները պետք է տալ` այդ դրույթից ելնելով»,- ասաց Արման Թաթոյանը: