Ֆրանսիայի իշխանությունները կալանք են դրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբայր Ռիֆաթի ձիաբուծարանի, մի քանի առանձնատների և գրասենյակների վրա: Նա մեղադրվում է յուրացված միջոցներով սեփականություն ձեռք բերելու համար՝ հայտնում է France Presse-ը: Ապրիլին Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Ռիֆաթ Ասադի նկատմամբ՝ 100 միլիոն դոլարի գույք ձեռք բերելու կասկածանքով՝ ներառյալ ձիաբուծարանը և մի քանի շքեղ բնակարաններ:
Հունիսին Ֆրանսիայի դատախազները նրան առաջադրել են կոռուպցիայի մեղադրանք: Ֆրանսիայում հուլիսի 8-ին դատավորը հանձնարարել է կալանք դնել Սիրիայի նախագահի հորեղբոր սեփականության վրա: Գործակալության տվյալներով՝ այդպիսի որոշում է կայացվել ելնելով մտավախությունից, որ սեփականությունը կարող է վաճառվել: Ռիֆաթ Ասադը Բաշար Ասադի հորեղբայրն է, երկրից վտարվել է 1983 թվականին պետական հեղաշրջման փորձից հետո: