Եթե Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրաժարվի նախընտրական արշավին մասնակցությունից, նրան կարող են փոխարինող գտնել՝ գրել է The Telegraph-ը:
Ամենից հավանական թեկնածուներն են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կամ փրայմերիզում պարտված Վերմոնտ նահանգից թեկնածու Բերնի Սանդերսը: Որոշումը կարող է կայացվել դեմոկրատների կուսակցական արտահերթ նիստում, եթե Հիլարի Քլինթոնն ինքը հայտարարի նախընտրական արշավից դուրս գալու մասին: Նա պայքարից հրաժարվելու ցանկություն չի հայտնել: Թեկնածուի հնարավոր փոխարինման խոսակցությունների պատճառը Հիլարի Քլինթոնի առողջական վատ վիճակի մասին հաղորդագրություններն են:
Նրա բժիշկը հայտնել է, որ Քլինթոնը թոքերի բորբոքում ունի: Նրան հակաբիոտիկներ են նշանակել, խորհուրդ են տվել հանգստանալ և փոխել աշխատանքային ժամանակացույցը: Դեմոկրատների թեկնածուն չեղարկել է այցը Կալիֆոռնիա: