Եվրամիությունը ողջունում է Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ կառավարության և ընդդիմության նոր համաձայնագրի ստորագրումը, որն արվել է քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցելով՝ Թվիթերում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել, այդ թվում՝ ֆինանսապես, այս կարևոր համաձայնագրի իրականացմանը», - վստահեցնում է Հանը: Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության համաձայն՝ համաձայնությունը դրական զարգացում է ընտրական բարեփոխումների ճանապարհին։ Կոսիյանչիչը շարունակում է, որ Եվրամիության և մյուս միջազգային գործընկերների, Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությունը հնարավոր կդարձնի համաձայնության տեխնիկական կետերի իրականացումը։