Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում մասնակցել է ԻՀԿ-ի՝ ԼՂ հարցով շփման խմբի առաջին նիստին, որն անցկացվել է ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումը ցանկացած պահի կարող է հանգեցնել լարվածության աճի: «Ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ ստատուս քվոյի պահպանումը վտանգ է ներկայացնում և կարող է հանգեցնել լարվածության աճի՝ անսպասելի արդյունքներով: Միջազգային հանրությունը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը: Հայաստանը պետք է հասկանա, որ ստատուս քվոն պահպանելու ձգտումը շատ լուրջ սխալ է: Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է իրական բանակցությունների մեկնարկ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն մեծ հույսեր է կապում ԻՀԿ-ի՝ ԼՂ հարցով շփման խմբի գործունեության հետ: Շփման խմբի մեջ մտնում են 7 երկիր՝ Թուրքիա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Մալայզիա, Գամբիա և Ջիբութի: