Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում:
Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանց:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք և ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մեջ: Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ կարևոր են ու ազդեցիկ մեր հասարակության համար:
Այս օրերին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ և մեծ նվիրումով: Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ ներկայացուցիչներն եք այս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք:
Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ: Շնորհակալություն, որ դուք կաք: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք և անսպառ եռանդ ձեր գործունեության մեջ, քանի որ դուք բացառիկ ու շնորհակալ գործ եք կատարում, և շատ վստահ եմ, որ շարունակելու եք անել մեր երկրի և ժողովրդի համար ամեն հնարավորը: Անելու եք հանուն Հայաստանի: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ: