ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դիմել է Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև սեպտեմբերի 10-ին ձեռք բերված ժնևյան համաձայնագրի կյանքի կոչմանը: «Սիրիայի ապագան մազից է կախված:
Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չհանձնվել ու աջակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից Ժնևում ձեռք բերված համաձայնության իրականացմանը: Կոչ եմ անում սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին համագործակցել ու նպաստել այդ ծրագրի իրագործմանը: Նաև կոչ եմ անում բոլոր պետություններին դադարեցնել որևէ աջակցություն ցուցաբերել ցանկացած կողմի, որը կփորձի խոչընդոտել ծրագրի իրականացմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քերին ՄԱԿ-ի ԱԽ-ի նախարարական նիստի շրջանակում կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ՄԱԿ-ի՝ Սիրիայում իշխանափոխության հարցի շուրջ Ժնևում նոր բանակցություններ սկսելուն ուղղված ջանքերին: Բացի այդ, Քերին կոչ է արել դադարեցնել ինքնաթիռների թռիչքները Սիրիայի առանցքային հատվածներում, որ հնարավոր լինի պահպանել հրադադարի ռեժիմը: