Իսրայելն Ադրբեջանի մեջ այն գործընկերոջն է տեսնում, որն ընդունակ է Իրանին զսպելու՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հակամարտությունների հետազոտության և վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը: Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է Իսրայելի և Ադրբեջանի փոխգործակցությունը «ռազմավարական միություն» համարել՝ հաշվի առնելով Թել Ավիվի կողմից Բաքվին զենքի վաճառքը, վերլուծաբանը պատասխանել է, որ Իսրայելը երեք պատճառով է տարածաշրջանում Ադրբեջանին որպես դաշնակից ընտրել:
«Առաջին՝ որպես գործընկեր, որն ընդունակ է օգնել Իրանին զսպելու հարցում, որը Բաքվի հետ բարդ հարաբերություններ ունի՝ մասամբ Իրանում ադրբեջանական էթնիկ խմբերի առկայության պատճառով. Իրանում դա դիտարկվում է որպես ներքին կայունության սպառնալիք: Երկրորդ՝ ինչ-որ չափով ելնելով տնտեսական պատկերացումներից. Իսրայելն Ադրբեջանը որպես նավթամթերքների պատրաստի աղբյուր է դիտարկում»,- նշել է Քրիստոֆեր Լենգթոնը: Բրիտանացի փորձագետի կարծիքով՝ սպառազինության վաճառքի դեպքում առաջնորդվում են «դու ինձ, ես քեզ» (quid pro quo) սկսզբունքով, որը հիմնականում պաշտպանական է:
Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը զարգացնելու երրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը չափավոր իսլամական պետություն է, ինչը Թել Ավիվին թույլ է տալիս շփվել համաշխարհային իսլամական համայնքի հետ, քանի որ դա սեփական տարածաշրջանում հնարավոր չէ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրել է հոկտեմբերին այցելել Ադրբեջան և Ղազախստան: