Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնակցել է ԱՄՆ-ի թուրք համայնքի Türken հիմնադրամի ընթրիքին, որտեղ խոսել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մասին՝ գրում է Anadolu գործակալությունը:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի թուրք համայնքին տարածաշրջանային հարցերում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը աջակցության համար՝ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Թուրքիայում «շեհիդների բարձունքը» դատարկ չի մնում, ոչ ոք չի կարող իրենց սպառնալ:
«ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ես ասել եմ, որ Ֆեթուլլահ Գյուլենն ու իր խմբավորումը միայն Թուրքիայի համար չեն վտանգավոր, այլ ամբողջ աշխարհի: Ես դա ասել եմ, քանի որ ասամբլեային մասնակցող 193 երկրներից պահանջում եմ ապահովել աշխարհում աշխարհագրական և կրոնական արդար բաժանում: Հիմա այստեղից ասում եմ՝ քանի դեռ Թուրքիայում շեհիդների բարձունքը դատարկ չի մնում, Գյուլենն ու չգիտեմ ովքեր չեն կարող Թուրքիայի դեմ ինչ-որ բան անել: Այլ երկրների ներկայացուցիչներն իմ հետևից նման բաներ են խոսում, թե «լավն է Թուրքիայի նախագահը, բայց շատ կոշտ է»:
Ես չեմ խոսելու ինչ-որ մեկին հաճոյանալու համար կամ մտածելով, թե արդյոք այս կամ այն մարդուն դա դուր կգա՞, կհամաձայնի՞, թե՞ ոչ: Ես ճիշտն եմ ասում»,- հայտարարել է Էրդողանը: