Սահմանադրության մեջ փոփոխությունների հապճեպ հանրաքվեով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է երկարացնել իր կառավարումը՝ կարծում է contact.az-ի անցկացրած հարցման մասնակիցների գերակշիռ մասը: 181 պատասխանողներից այս կարծիքին է 161-ը:
Միայն 17 մարդ է հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են Սահմանադրության կատարելագործմանը: Հարցին՝ «Ի՞նչ կպատահի, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն», 217 պատասխանողից 136-ը հայտարարել է, որ երկիրը ժողովրդավարական զարգացման հետընթաց կունենա: 74-ը կարծում է, որ քաղաքացիներից մեծ մասի համար միևնույն է, թե Սահմանադրության մեջ ինչ կփոխվի, և նրանք մանրամասներով չեն հետաքրքրվում:
Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն կայանալու է սեպտեմբերի 26-ին։ Առաջարկվող նախագծի համաձայն՝ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի մինչև 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում, սահմանվում է փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում և ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ՝ անցնում են վարչապետին։ Եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, առաջին փոխնախագահին նախագահն է նշանակում, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաև լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որ հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։
Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ ՈՒսուբովը հրաման է ստորագրել հանրաքվեի կապակցութամբ ոստիկանությունը սեպտեմբերի 24-ից հատուկ ռեժիմի բերելու մասին: ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկանությունը սեպտեմբերի 24-ից մինչև 29-ը կաշխատի խստացված ռեժիմով: