Թուրքիան չի հավակնում Սիրիայի տարածքին՝ Անկարայում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Սիրիայի տարածքի հանդեպ մենք որևէ հավակնություն չունենք: Բայց մենք շատ հետևողական ենք լինելու մեր սահմանների մերձակայքում գործող ահաբեկչական ենթակառույցները արմատախիլ անելու հարցում: Սիրիայի հետ սահմանի մերձակայքում գտնվող քաղաքներին` Քիլիսին, Գազիանթեփին այլևս հրթիռակոծության որևէ վտանգ չպետք է սպառնա», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին առաջարկում են համագործակցել Սիրիայում իրադրության կայունացմանը միտված քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Եթե Մոսկվան նման ցանկություն ցուցաբերի, մենք պատրաստ կլինենք Ռուսաստանի հետ համակարգել հրադադարի հաստատումը Սիրիայում, մարդասիրական ոլորտին վերաբերող խնդիրների լուծումը», - Անկարայում Լատվիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն: