ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Սիրիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը չի բացառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը երկրում հաջորդ նախագահի ընտրություններին՝ հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով հանդիպման ձայնագրությանը:
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման մասնակիցները «ցնցվել» էին, երբ Քերին հայտարարել էր, որ սիրիացիները պետք է գնան ընտրությունների, որոնց կմասնակցի Ասադը։ Քերին նաև հավելել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն արևմտյան և մերձավորարևելյան երկրների աջակցությամբ՝ «ամենախիստ չափանիշներով»: Նշվում է, որ ներկաները չեն աջակցել նման նախաձեռնությանը։
Պարբերականը մանրամասնում է, որ ձայնագրության իսկությունը հաստատել են հանդիպման մի քանի մասնակիցներ։ Նաև նշվում է, որ Քերիի դիրքորոշումը չի համապատասխանում ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշմանը։