Վրաստանի մայրաքաղաքում պայթեցրել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, 4 մարդ վիրավորվել է, քաղաքական գործիչը չի տուժել: Պայթուցիկը գործարկվել է երեքշաբթի երեկոյան, երբ մեքենան անցնելիս է եղել Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Փիրիմզե» առևտրային համալիրի մոտով:
Պայթյունի հետևանքով ևս 10 մեքենա է վնասվել, այդ թվում` մարդատարներ և երթուղայիններ: Թարգամաձեի խոսքով` պայթյունն իրականացվել է հեռակառավարման վահանակի օգնությամբ: Ըստ պատգամավորի` «իրենց հետևից ինչ-որ մեքենա է ընթացել, որն էլ որոշել է, թե որտեղ պետք է տեղի ունենա իրենց մեքենայի պայթյունը»: