«Հանրապետություն» կուսակցությունը 2017-ին պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիրների հետ՝ հոկտեմբերի 7-ին կուսակցության 15-րդ տարեդարձին ասաց կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։
«Այս տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ և ձեռքբերումներ։ Եվ ամենածանրը ընկերոջ և համախոհի ֆիզիկական կորուստն է, որը չի լրացվում ոչ մի կերպ»,- նշեց Արամ Սարգսյանը՝ հիշելով զինակիցներին, որոնք վաղաժամ հեռացան կյանքից։ «Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև շնորհակալություն հայտնեց կուսակցության նախկին անդամներին։
«Յոթ ամսից մեզ սպասում են ճակատագրական նշանակության համապետական ընտրություններ։ «Հանրապետություն» կուսակցությունը հիմա էլ իր սկզբունքներին և անցած ճանապարհին հավատարիմ, իրական ընդդիմադիր դաշտի համախմբման կողմնակից է։ Պատրաստ ենք համագործակցել այդ դաշտում գործող ցանկացած ուժի հետ, իսկ միևնույն գաղափարական մոտեցումներն ունեցող քաղաքական կուսակցությունների և անհատների հետ՝ անգամ ձևավորել դաշինքային հարաբերություններ՝ միասնական ցուցակով հանդես գալու հանձնառությամբ»,- նշել է Արամ Սարգսյանը և հավելել, որ Հայաստանում կան նման ուժեր, բայց այդ մասին կխոսեն առաջիկա համագումարում։
Կուսակցությանը շնորհավորելու էին եկել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, «Հայազն» կուսակցության անդամներ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատամարտիկներ» դաշինքի անդամներ, Ալբերտ Բազեյանը, Ստեփան Գրիգորյանը, դեսպաններ։